Սպորտ

«Ռիվեր Փլեյթը» ռեկորդային՝ 34 միլիոն եվրո կվաստակի Էնցո Ֆերնանդեսի՝ «Չելսի» տեղափոխման գործարքից

Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» խոշոր գումար կվաստակի Էնցո Ֆերնանդեսի՝ «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխությունից։

Լիսաբոնյան ակումբը հայտնել է, որ 22-ամյա կիսապաշտպանի համար «Չելսին» կվճարի 121 միլիոն եվրո։ Այդ գումարի 25%-ը կստանա «Ռիվեր Փլեյթը». այդպես էր նախատեսված Էնցոյի՝ 2022 թվականի ամռանը «Բենֆիկա» տեղափոխվելու գործարքում։

«TyC Sports»-ի լրագրող Սեսար Լուիս Մերլոն գրում է, որ Էնցոյի՝ «Չելսի» տեղափոխությունից «Ռիվեր Փլեյթին» բաժին կհասնի 30 միլիոն եվրո։ Համերաշխության մեխանիզմի շնորհիվ արգենտինական ակումբը կստանա ևս 4 միլիոն եվրո։

Էնցոն «Ռիվեր Փլեյթի» սան է։ 2022 թվականի ամռանը պորտուգալական «Բենֆիկան» գնել է Էնցոյի տրանսֆերը 10+8 միլիոն եվրոյով և հետագա վերավաճառքի տոկոսով։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 29 հանդիպումներում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։