Սպորտ

Ռոնալդուն պատրաստ է ցուցմունք տալ «Յուվենտուսի» դեմ

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է ցուցմունք տալ «Յուվենտուսի» խարդախության գործով։

2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, Ռոնալդուն և թուրինյան թիմի մի շարք խաղացողներ հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, սակայն ֆուտբոլիստներից ոմանք ակումբի հետ կնքել են մասնավոր համաձայնագրեր, որը նրանց թույլ է տվել ամբողջությամբ ստանալ գումարը՝ առանց ՖԻՖԱ-ին ծանուցելու։

Հաղորդվում է, որ «Յուվեն» Ռոնալդուին դեռևս 19,6 միլիոն եվրո է պարտք։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Ռոնալդուն, որը նախկինում հրաժարվել էր հանդիպել Թուրինի դատախազության ներկայացուցիչների հետ, այժմ պատրաստ է ցուցմունք տալ։

Իտալական սպորտային արդարադատության օրենսգրքի հոդվածում ասվում է՝ ակումբը, որը վճարում է իր խաղացողներին աշխատավարձեր, բոնուսներ կամ փոխհատուցումներ, որոնք շրջանցում են ֆեդերացիայի կանոնները, կարող են տուգանվել: Եթե ​​«Յուվեի» մեղքն ապացուցվի, ակումբը կարող է տուգանվել 58,8 միլիոն եվրոյով։ Բացի այդ, օրենսգրքի համաձայն, թիմը կարող է զրկվել մեկ կամ մի քանի միավորից:


Հետևեք մեզ Telegram-ում։