Սպորտ

Այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը. հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր մեկնարկում է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը (1։30 ԵԺ): Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին:

Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (4։00 ԵԺ) և Վարդան Մանուկյանը (23։00 ԵԺ), որոնք երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում:

Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը (1։30 ԵԺ) և Դավիթ Հովհաննիսյանը (1։30 ԵԺ):

Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը (1։30 ԵԺ) և Միլենա Խաչատրյանը (1։30 ԵԺ), իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) (4։00 ԵԺ):

Լիանա Գյուրջյանը (81 կգ) (11։00 ԵԺ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (4։00 ԵԺ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:

Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը (1։30 ԵԺ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (1։30 ԵԺ):

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը (1։30 ԵԺ):

Հիշեցնենք՝ աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի: