Սպորտ

Ամփոփվել են 2022թ․ իրականացված մասսայական սպորտի միջոցառումները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են 2022 թվականի ընթացքում իրականացված մասսայական սպորտի միջոցառումները: Ողջունելով ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասսայական սպորտի միջոցառումների մասնակիցների թիվը կավելանա. «Ամբողջ տարվա ընթացքում բավական աշխատանք եք կատարել: Կարծում եմ՝ պետք է օգնենք միմյանց և ամեն ինչ անենք, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա»:

Կարեն Գիլոյանը հավաստագրեր, գավաթներ և դրամական պարգևներ է հանձնել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներին: Առաջին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքը և ստացել 450 հազար դրամ՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար:

Շնորհակալագրերով և մարզագույքով են պարգևատրվել նաև 4-ից 12-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչները: Միաժամանակ ԿԳՄՍ շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերի, 7-12-րդ դասարանների աշակերտների Սպարտակիադայի 8 մարզաձևերի և 2022 թվականին անցկացված նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի գլխավոր մրցավարները։