Սպորտ

Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն

Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի համար առաջին ոսկե մեդալն է նվաճել՝ 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ 

Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են անգլիացի մարզուհուն։ 3-րդ՝ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն է ստացվել, մրցակից բարձրահասակ էր և ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտել են, որ հայ մարզուհու հարվածներն ավելի դիպուկ են և հաղթանակը շնորհել են նրան։

Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ոսկե մեդալի համար կպայքարի նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։