Սպորտ

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է մեկնարկել մեկ օր շուտ

Հնարավոր է՝ այս տարի Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկ օր շուտ մեկնարկի։ Այս մասին հաղորդում է բրիտանական «Sun»-ը։ 

2006թ. սկսած աշխարհի խաղերը հյուրընկալող երկրի ֆուտբոլի հավաքականը անցկացնում է առաջնության բացման հանդիպումը։ Մինչ այս կարգավորմանն անցնելը՝ առաջին հանդիպման իրավունքը պատկանում էր գործող չեմպիոնին։ 
Այս տարի առաջնությունը սկսվելու է Սենեգալ-Հոլանդիա խաղով, այնուհետ՝ Իրան-Անգլիա։ 

Տանտերերի հավաքականը պետք է իր հանդիպումն անցկացներ միայն երրորդը՝ մրցելով Էկվադորի հետ։ Սակայն Քաթարի իշխանությունները ցանկություն են հայտնել՝ լինել առաջին հանդիպում անցկացնող թիմը։ 

Ըստ պարբերականի՝ հանդիպում կտեղափոխվի մեկ օր շուտ՝ նոյեմբերի 20-ին, որին կնախորդի բացման արարողությունը։ Հաջորդ օրը տեղի կունենան Անգլիա-Իրան և Հոլանդիա-Սենեգալ հանդիպումները։ 

Այդ որոշումը պետք է կայացվի բացառապես քվեարկության հիման վրա։ Ընթացակարգին պետք է մասնակցեն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և կոնֆեդերացիաների ղեկավարները։