Տեսակետ

Լաչինի շուրջ իրավիճակը ունի շատ ավելի մեծ համատեքստ

«Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պետերբուրգում հրապարակային հանդիպումների մեկ երկու դրվագը ակնառու են դարձնում, որ Լաչինի շուրջ իրավիճակը ոչ միայն հեռու է հանգուցալուծումից, այլև ունի շատ ավելի մեծ համատեքստ, քան Լաչինն է։ 
Ի՞նչ կարող է անել Երևանը, եթե ռուս խաղաղապահներն ու Ադրբեջանը չեն անում այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Այստեղ գալիս է մյուս հարցը՝ իսկ Երևանն ունի՞ որևէ այլ բան անելու գործընկեր կամ դաշնակից, որը գործնականում կարող է օժանդակել այդ այլ տարբերակին: 
Լաչինի միջանցքի խնդրում Ադրբեջանի գործողությունը ունի գործնականում բոլոր ուժային կենտրոնների առնվազն լուռ աջակցությունը: Համենայն դեպս, բացելու կոչերը, որ հնչել են, գործնականում ոչինչ են, և, եթե տևական ժամանակ անց դրանք չեն տալիս որևէ արդյունք, իսկ կոչերի հեղինակները չեն տալիս որևէ գործնական այլ քայլի պատրաստակամության նշան, ուրեմն նրանք էլ ստեղծված իրավիճակում ունեն իրենց ակնկալիքը և գործնական որևէ բան կանեն, եթե ստանան այն: 
Այստեղ պետք է հասկանալ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար Երևանի ձեռքի տակ ինչ գործիքներ և լծակներ են դեռևս պահպանվում։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գուցե հայ հանրության համար առնվազն նույնքան որոշակիությամբ ակնարկի, թե ինչպիսին են իրավիճակից ելքի և առաջընթացի պատկերացումները այլ դերակատարների մոտ, որոնք հայտնում են անմիջական միջնորդական շահագրգռություն: Եթե տեղի չի ունենում որևէ փակ շրջանակում փոխհամաձայնեցված՝ բարձրաձայն, թե լռելյայն, գործընթաց, ապա թերևս ժամանակն է, որ իրավիճակի մասին խոսվի ավելի բաց, բայց ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլորի մասով: 
Դա անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը իրավիճակի առավել ընդգրկուն գնահատական ձևավորելու և, ըստ այդմ, կարևոր որոշումների հարցում դիրքորոշվելու համար, որովհետև եթե իրավիճակը զարգանա Հայաստանին ևս մեկ անգամ որևէ ստատուս-քվո, այն էլ պատերազմական տարբերակով պարտադրելու ուղղությամբ, ապա դա արդեն կլինի հայկական պետականության անշրջելի կորուստ»: