Տեսակետ

Սրիկայությունը դուք եք անում Հայաստանի նկատմամբ. Անի Սամսոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը, ներառյալ ՀՅԴ-ն (ի դեմս փրփուրը բերանին Գեղամ Մանուկյանի), իրար հերթ չտալով արձագանքում են ուրբաթ օրը Հ1-ի եթերում Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ վերջինս չի լսել խորհրդարանական ընդդիմության տեսակետն առ այն, որ իրենք դեմ են միջանցքային տրամաբանությանը: 
Արդեն քանի օր է՝ տարբեր ելույթներից կտորներ են տարածում, թե՝ ահա, տեսեք, թե ասել ենք, որ դեմ ենք միջանցք տրամադրելուն։ 
Եթե այդպես է, մի հարցի ևս պատասխանեք. քանի՞ գրոշի արժեք ունեն ձեր այդ հայտարարությունները, եթե միևնույն ժամանակ գիշեր-ցերեկ պնդում եք թշնամու կողմից շրջանառվող այն թեզը, թե ենթադրյալ միջանցքը բանավոր խոստացել է այս իշխանությունը, և այդ պնդումով ձեր աջակցությունը հայտնում թշնամու կողմից տարածվող թեզերին: Ընդ որում, դա անում եք ոչ միայն ներսում, այլև՝ դրսում:
Ուզում եմ հասկանալ, հիմա դու՞ք եք հանրությանը հաշտեցնում միջանցք տալու մտքի հետ, թե՞ Էդմոն Մարուքյանը կամ իշխանությունը:
Հիմա իմ պատասխանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին՝ իր իսկ խոսքերով․ սրիկայությունը դուք եք անում Հայաստանի նկատմամբ»: