Տեսակետ

Ալիևը փորձում է սպանել արևմտյան ֆորմատները ու նպաստել ռուսական լուծումների ակտիվացմանը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բերձորի միջանցքում կովկասյան թաթարների բնապահպանական բունտը ծիծաղաշարժ ստացվեց։ Թատրոնը համոզիչ չէր։ Անգամ միջազգային դիվանագետներն են հեգնանքով շեշտում մարդակերի դեմքով բնապահպան ակտիվիստներին։ Դրան հաջորդեց նոր ցիրկը, այս անգամ՝ Ալիևի ազատ լրագրողների թատրոնով, որոնք իբր թե իրավունք ունեն ազատ տեղաշարժվել իրենց երկրում ու գնալ Ստեփանակերտում ռեպորտաժ անել: Ամեն օր մի սադրանք են պլանավորում ու իրականացնում՝ Արևմուտքի մոտ տեսարան ստեղծելու համար, թե պայքարում են ռուս խաղաղապահների դեմ... 
Դա հատկապես պետք է Ալիևին, ով սկզբում Վաշինգտոնում ու Բրյուսելում խաղեր է տվել, թե ուզում է իր տարածքից հանել ռուսներին, նրանց պահողը հայերն են, ոչ թե ինքը, բայց արևմտյան բանակցային ֆորմատը սառեցնելուց հետո զգում է, որ կարող է կասկած բերել իր վրա, որ Արևմուտքում լափել է. իսկ այդպիսի կասկածի հիմքեր Արևմուտքում ունեն։ Հայտարարելով պատմական քարտեզների հիմքով դեմարկացիայի մասին՝ Ալիևը բացահայտ է դարձրել, որ ինքը Ալմա Աթայի պայմանագրի հենքով երբեք խաղաղության պայմանագիր չի ստորագրի, քանի որ Հայաստանից տարածքային պահանջներ ունի. իսկ Վաշինգտոնում նրա ներկայացուցիչները այլ բան են ասել, ու Ալմա Աթայի պայմանագիրը հիմք էր ընդունվել, որը վավերացվել էր Պրահայում... Իսկ Պրահան սպանվեց Ալիևի կողմից՝ Սոչիից հետո... Ու որպեսզի չկասկածեն, որ այդ ամենը Բաքուն ու Մոսկվան միասին են արել, Սոչիում էլ հիմք ընդունվեց Ալմա Աթիի պայմանագիրը... Բայց Ալիևը խաղը վառեց՝ հիշատակելով պատմական քարտեզները, որոնք Ալմա Աթայի հետ կապ չունեն... Լավրովը փորձեց փրկել իրավիճակը, թե՝ քանի որ Բրյուսելում, Պրահայում, Վաշինգտոնում, քաղաքավարությունից դրդված, հայերն ու ադրբեջանցիները համաձայնել են Ալմա Աթային, ապա դա հեշտացնում է խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը (իբր, հայեր, մեղքը ձեր վիզը, այդ դուք եք Արևմուտքում Արցախը տվել Ադրբեջանին, ոչ թե մենք...): 
Ալիևն իր վրա կասկած է բերում նաև միջանցքի խնդրով, որը նա համաձայնել էր Բրյուսելում փակել Շառլ Միշելի նախաձեռնած երկրորդ հանդիպման ժամանակ, բայց կրկին վերջերս հայտարարեց, թե երկրորդ պահանջը Հայաստանից՝ միջանցքն է, որը կրկին ածանցվում է «պատմական քարտեզից», որտեղ Սյունիքն ու Սևանի արևելյան ափը իբր Ադրբեջան են... Ու քանի որ Ալիևը ետ է կանգնում բրյուսելյան ու վաշինգտոնյան բոլոր առանցքային պայմանավորվածություններից (1.դեմարկացիա-դելիմիտացիա Ալմա Աթայի պայմանագրի վրա, 2.խաղաղության պայմանագիր նույն պայմանագրի վրա, 3․արտատարածքային միջանցքից հրաժարում. իսկ այս ամենը կարող է Արևմուտքում կասկածներ խորացնել, թե Ալիևը դա անում է Մոսկվայի հետ համաձայնեցված), այդ երկօրյա կլոունադաներն են բեմականացվում, թե իբր Ադրբեջանը ամեն օր և ամեն ձև պայքարում է ռուս խաղաղապահության դեմ....
Թե ինչ թատրոն կլինի առաջիկա օրերին, կտեսնենք։ Բայց մի բան ակնհայտ է՝ Ալիևը մի կողմից փորձում է լվանալ Արևմուտքի կասկածները, մյուս կողմից սպանել է արևմտյան ֆորմատները ու նպաստել ռուսական լուծումների ակտիվացմանը՝ խաղը փորձելով Մոսկվայի հետ միասին տեղափոխել մեռելածին 3+3 ֆորմատ...
Մենք այս ամենն աշխարհին ու մեր գործընկերներին համոզիչ հասցնելու անհրաժեշտություն ունենք»։