Տեսակետ

Մենք ռազմավարությամբ ենք պարտվել

Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հին աշխարհի ռազմական տեսաբաններն են ասել՝ եթե հակառակորդդ հզորանում է ու կարող է ձեռնոց նետել քեզ, պետք է իր հզորության աղբյուրը վերացնես հենց այն պահին, երբ նա թույլ է։ 

Սա պարզ ճշմարտություն է։ Ի դեպ, մոտավորապես էս ռազմավարությունն է որդեգրել Իսրայելը, որը մի քանի տարին մեկ պրոֆիլակտիկ «պատերազմում» է Պաղեստինի դեմ։ Իսկ իրականում՝ թույլ չի տալիս, որ իր անտագոնիստը հանկարծ մի քիչ հզորանա ու լուրջ գլխացավանք դառնա՝ խլելով իրենից ավելի մեծ ռեսուրս և մարդկային կյանքեր ապագա մեծ պատերազմում։

Հայաստանի քաղաքական էլիտան սա չհասկացավ։ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ հակամարտության լուծում հիմա, իր պատկերացումների շրջանակում։ Սխալ էր, ճիշտ էր, բայց մարդն իր տեսլականն ուներ, չընդունեցին, վերջնագիր ներկայացրին՝ գնաց։ Եկողները բանակցեցին, ժամանակն անցնում էր, իսկ իրենք, փիլիսոփայական հանգստությամբ, հետևում էին, թե հակառակորդը ոնց է դարի գործարքներ կնքում, Հայաստանի քթի տակով գազի ու նավթի խողովակաշարեր անցկացնում, որոնց դիմաց պետք է ստանար միլիարդավոր դոլարներ, ձեռք բերեր նորագույն սպառազինություն։ Իսկ մենք Ռուսաստանից զենք ենք խնդրելու, որ ռազմական բալանսը պահենք։ Ադրբեջանի հարստացմանը զուգահեռ Հայաստանի բնակչությունն էր արտահոսում, բանակը՝ նվազում։

Մենք ռազմավարությամբ ենք պարտվել, պարտվել ենք բառադիության հետևանքով։ Եթե տեսնում ես հակառակորդդ հզորանում է, կամ պետք է էդ պահին հետը հաշտություն կնքես, խնդիրներդ լուծես՝ անգամ ցավոտ կորուստներով (ինչպես Պուտինը կառավարման առաջին շրջանում լուծեց Չինաստանի հետ տարածքային խնդիրները), կամ՝ հարվածես էդ հակառակորդին, զրկես հզորանալու հնարավորությունից։

Հայաստանը երկուսն էլ չարեց, Հայաստանն ուղղակի ժամանակ ձգեց ու պատժվեց։ Իսկ ժամանակի ընթացքում ձգված պարանը վերջը կտրվեց ու էն ուժգնությամբ խփեց մեզ, որ չգիտեմ` մենք էլ ուշքի կգանք, թե ոչ»։