Կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն է տվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի փաթեթին։ Այն ճանաչվել է անհետաձգելի և ուղարկվել ԱԺ։
Արձագանքելով այդ նախագծին, վարչապետը նշել է՝ չկա բարեփոխում, որ չգնա ու խնդրի չհանդիպի։ «Բարեփոխումը գնում ու իրական կյանքում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ այնպիսի բան ենք անելու, որը առաջին վայրկյաններից սահուն է գնալու, չենք նկատելու։ Չի լինում այդպիսի բան, բնության մեջ ուղղակի չի լինում»,- ասել է նա՝ հավելելով, որ առանց այն էլ հետաձգել են ապահովագրության ներդրման ծրագիրը. «Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պիտի ընդունեինք, բայց ամեն անգամ մտավախության պատճառով հետաձգել ենք։ Այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է նախագիծը»,- ասել է նա։
Վարչապետը կոչ է արել խոսել խնդիրների մասին, իսկ առավելություններն իրենց ցույց կտան. «Որոշ խոսույթում կա առողջության համապարփակ ապահովագրություն։ Ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը։ Ապահովագրական համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին։ Բայց հունվարի 1-ից էլ բոլորին չի ներառելու։ Սա ընդամենը առաջին փուլն է»։