Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին նախագիծ, քանի որ գինու սպառման որոշակի նվազման միտում է նկատվել թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում։
«Նկատելի է, որ գինի արտադրող կազմակերպությունները, խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներ ունենալով պայմանավորված, հիմնում են իրենց սեփական այգիները»,-ասել է Արման Խոջոյանը և հավելել՝ մթերումները իրականացնում են իրենց իսկ այգիներից։
Ըստ Խոջոյանի՝ աշխարհում գինու սպառումը նվազում է տարեկան 7%, և, ի պատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հարցի, մարդիկ ի՞նչ են խմում փոխարենը, Խոջոյանը ընդգծել է․ «Քանի որ ալկոհոլի շուկան փոփոխությունների է ենթարկվում, և հայտնվել են անհասկանալի խմիչքներ, երիտասարդները խմում են կոկտեյլներ»,- ասել է նա։
Նրանք անդրադարձել են նաև մրգային գինիներին. «Եթե 2024թ. արտահանել ենք 4.2 մլն լիտր խաղողի հումքով գինի, շուրջ 7-7.5 մլն լիտր էլ մրգային գինի ենք արտահանել»,- պարզաբանել է փոխնախարարը։