Հասարակություն

Նախագահը պարգևատրել է պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն ու հայագիտության զարգացմանն ուղղված արժեքավոր ներդրումը։

«Գնահատելի է այն աշխատանքը, որ դուք կատարել եք տարիների ընթացքում։ Ձեր գիտական գործունեությամբ աշխարհին եք ներկայացրել հայոց լեզուն, հայ գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար ևս մեծ կարևորություն ունի, և հորդորում եմ շարունակել այդ նվիրված գործը»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր հայագիտությանը և առհասարակ՝ գիտությանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Նրա խոսքով՝ վերլուծելով վերջին հինգ տարիների պետական քաղաքականությունն ու առաջիկա հնգամյա ծրագրերը՝ հստակ նկատելի է, որ հիմնական շեշտադրումները դրվում են կրթության և գիտության վրա։

Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի և արհեստական բանականության դարաշրջանի մասին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ձգտման պայմաններում կրթության և գիտության դերը միայն աճում է։ Այդ համատեքստում նա նաև կարևորել է հայագիտությունը՝ որպես ազգային ինքնության պահպանման և միջազգային գիտական համագործակցության խորացման հիմնաքար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ դոցենտ Աննա Սիրինյանը նշել է, որ նախագահի քաջալերող խոսքերը մեծապես ոգեշնչում են իրեն։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվորեն աշխատել և համատեղել ջանքերը՝ ավելի մեծ արդյունքներ ունենալու համար։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Նախագահը նրանց ջերմորեն շնորհավորել և հաջողություն է մաղթել հետագա գիտական գործունեության մեջ։