ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը։
Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են.
• հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և մատուցվող ծառայություններ,
• օրենսդրական բարեփոխումներ,
• աշխատաշուկայի ներառականության քաղաքականություններ,
• անկախ կյանքի խթանում և սոցիալական երաշխիքների մեխանիզմների բարելավում և այլն։
Համագործակցությունը կիրականացվի՝
• համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման,
• փորձի փոխանակման ծրագրերի,
• հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների, ոլորտային քննարկումների կազմակերպման միջոցով։
Կողմերը փաստաթղթի ստորագրումը երկու երկրների համար որակել են որպես կարևոր քայլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորություններով ապահովման ճանապարհին։