Հասարակություն

5 ոստիկան է ազատվել ծառայությունից

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է:

Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: