ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին հարցրել է ՔԿ շենքից պաշտոնյայի մասնակցությամբ անհետացած 590.000 դոլարի գործից։
«Սրան ոչ միայն չհետևեց քաղաքական պատասխանատվություն, ոչ միայն հրաժարական չտվեցիք աղմկահարույց դեպքից հետո, այլև հաջորդ օրը Ձեր գործընկերների (ԱԱԾ, ՆԳՆ և հակակոռուպցիոն կոմիտե) արած գործի դափնիները սեփականաշնորհեցիք»,- ասաց նա։
Խամոյանը նշել է, որ ՔԿ նախագահին առաջարկել էր ցույց տալ մեկ այլ գործով առգրավված 1 տոննա կոկաինը, սակայն մերժվել էր. «Ուզում էինք տեսնել՝ այդ իրեղեն ապացույցը տեղու՞մ է, թե, օրինակ, մի այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է թմրանյութը»,- ասել է նա։
Խամոյանն առաջարկել է որևէ այլընտրանքային մեխանիզմ առաջարկել՝ կասկածները փարատելու համար։ Նա նաև հարցրել է՝ դեպքից անցել է 2 տարի, ինչու՞ չի ուղարկվում դատարան. «Ես գիտեմ՝ ինչու եք սպասում. սպասում եք՝ նոյեմբերին ժամկետը լրանա, և գործը կարճվի»։
ՔԿ նախագահը նշել է, որ կոմիտեի քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա է բացահայտվել 590.000 դոլարի հափշտակման դեպքը և հանցագործության մասնակիցներից մեկի՝ վարչության պետի պաշտոնակատարի ինքնությունը. «Միգուցե կարևոր էր վերջին շեշտադրումը, թե ինչու հրաժարական չեմ տվել։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել»։
Ինչ վերաբերում է 1 տոննա կոկաինին՝ Պողոսյանը նշել է, որ կան համապատասխան ընթացակարգեր՝ դատավարության մասնակիցները կարող են տեսնել իրեղեն ապացույցը, բայց պատգամավորն այդ կարգավիճակը չունի։