Արտաքին գործերի նախարարության ծախսերը 2024 թ. կազմել են 27.4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.8 տոկոս: Նախարարությունը հաստատված ծրագրով իրականացրել է 5 ծրագիր և 12 միջոցառում: Տարվա ընթացքում վերաբաշխումներ են եղել, և ծրագրերի քանակը դարձել է 6, միջոցառումների քանակը` 14: Սկզբնական պլանավորված 17 մլրդի փոխարեն հատկացվել է 27.7 մլրդ դրամ: 2024 թ. ընթացքում ԱԳՆ-ի պատասխանատվության ներքո գտնվող ծրագրերի միջև կատարվել են 342 մլն դրամի վերաբաշխումներ, որոնցից 290 մլն դրամը կառավարության երեք որոշումներով, իսկ 51 մլն դրամը` ծանուցագրերով: Պլանավորված էր պետական տուրքերի մասով 2 մլրդ 899 մլն դրամի տուրքերի հավաքագրում, որն ամբողջությամբ կատարվել է և հավաքագրվել է 2 մլրդ 927 մլն դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 5-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Այնուհետև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ծրագրերի արդյունքային ցուցանիշներին: Հաշվետու տարում ճշտված բյուջեն ավելացել է 10.7 մլրդ դրամով: Այս տարբերությունը պայմանավորված է եղել Փարիզում դեսպանության նոր շենքի ձեռքբերմամբ՝ 9.9 մլրդ դրամով: Դեսպանությունների բացմանն անդրադառնալով՝ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թ. դեսպանություն է բացվել Ուրուգվայում, իսկ Սերբիայում և Լյուքսեմբուրգում՝ դիվանագիտական գրասենյակներ են: Այս տարի Օմանի Սուլթանությունում դեսպանություն բացելու վերաբերյալ կա կառավարության որոշում: Ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանություն բացելու հարցը: Մինչև աշուն մեր դեսպանությունը կսկսի գործել Բուդապեշտում: Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու Կառավարության որոշում կա՝ 4.3 մլն եվրոյին համարժեք դրամով:
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ, նախորդ տարվա ընթացքում ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է մի շարք ծրագրերի գծով իրականացվող միջոցառումները: Դրանց թվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը վերաբերող ծրագիրը: «Արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» ծրագրի համար նախատեսվել է շուրջ 3 մլրդ դրամ: 2024 թ. առաջին անգամ անցկացվել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի համար նախատեսված էր 447 մլն դրամ: Նախարար Միրզոյանը խոսել է այս համաժողովի կարևորության մասին: «Սա մեր ջանքերի դրսևորումն է նաև այն ուղղությամբ, որ Հայաստանն իր տեղն ունենա դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում»,- արձանագրել է Արարատ Միրզոյանը:
Շուրջ 88 մլն դրամ հատկացվել է երկու կարևոր միջոցառման համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպում և Հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպում: Այս նույն ծրագրի ներքո իրականացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորում միջոցառումը:
Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը ստացավ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովը Երևանում անցկացնելու իրավունքը: Նախարարն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող ծավալուն աշխատանքներին:
Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի, կոնվենցիաների: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 2024 թ. մեր երկիրը հաստատված ժամանակացույցով փոխանցում է կատարել 101-ին: «ՀԱՊԿ-ում մեր մասնակցության սառեցմամբ պայմանավորված՝ 2024-ին Հայաստանը չի վճարել այս կազմակերպությունում անդամավճարը»,- նշել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում ու վերապատրաստում» ծրագրով հատկացվել է 274 մլն դրամ: Նախարարը խոսել է դիվանագիտական դպրոցի առաքելության և գործունեության վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված է եղել 672 մլն դրամ:
Նախարարը խոսել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների մասին, դրանց թվում եղել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, Թուրքիայի հետ երկխոսությունը, մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերը, ԵՄ-ի հետ գործընկերության խորացումն ու այլ առաջնահերթություններ:
Հարցուպատասխանի ընթացքում արտաքին գերատեսչության պատասխանատուն խոսել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի շուրջ: