«Պարոն Հովհաննիսյանն, ըստ արարողակարգի, պատշաճ ծանուցվել է և հրավիրվել նոր ոստիկանապետի նշանակման միջոցառմանը։ Բայց հարգելի պատճառով չի կարողացել ներկայանալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով պաշտոնը թողնելուց հետո Արամ Հովհաննիսյանի՝ նոր ոստիկանապետի նշանակման միջոցառմանը չներկայանալուն։
«Մնացյալ հարցերը կարող եք ուղղել պարոն Հովհաննիսյանին»,- ասել է ՆԳ նախարարը։ Խոսելով ոստիկանապետի պաշտոնից Հովհաննիսյանի ազատման մասին՝ նա նշել է, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնյայի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն բերել, նոր շունչ հաղորդել աշխատանքներին․ «Սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել»,- ասել է նա՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հովհաննիսյանի աշխատանքը. «Սա որևէ կերպ անձնավորված ընդունել չի կարելի»։