Հասարակություն

Իրանից փորձել են առանց ակցիզման ծխախոտ ներմուծել

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից, առկա է մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։

Ստացված տեղեկությունն իրացնելիս՝ նշված հատվածում կոմիտեի ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները  հայտնաբերել են  առանց ակցիզային մակնշման ծխախոտների 29 արկղ, որոնց մեջ առկա են եղել 14500 տուփ «VAN», «Marlboro Nano», «Marlboro», «LAMER», «Wisdom» գրառմամբ ծխախոտներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված ծխախոտի խմբաքանակը հնարավոր է պատկանում է ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ին։  Պարզվել է, որ վերջինս, օրերս, իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով  ԻԻՀ-ից ՀՀ է տեղափոխել նշված ծխախոտները:  Քաղաքացին 14500 տուփ ծխախոտը դատարկել և թաքցրել է Հայաստանի պետական սահմանի մոտ՝ նպատակ ունենալով շրջանցել մաքսային հսկողությունը և դրանք տեղափոխել ՀՀ պետական սահմանով, ինչի վերաբերյալ նա  տվել է հայտարարություն։

Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով  ապրանքների և տրանսպորտային միջոցների  տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով, կազմվել է մաքսային կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն և մնացած փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։