Կառավարության որոշմամբ ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերությունները միկրոավտոբուսներ ներկրելիս կազատվեն մաքսատուրքից․ «Տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ, մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների պարագայում կա բացառություն՝ մաքսատուրքից ազատված չեն։ Կառավարության քաղաքականությունն է՝ ունենալ միասնական մեծ ցանց, որը կսպասարկի տվյալ տարածքի բոլոր բնակավայրերը։ Եվ այս գործընթացն իրականացնելիս, հաշվի առնելով, որ մեծ տարածքը մեծ քանակի միկրոավտոբուսների և ավտոբուսների մեծ պահանջարկ է ունենում, մեծ ներդրումներ է պահանջում, նման որոշում ենք կայացրել»,- ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե հույս ունեն՝ ոլորտում մեծացնել հետաքրքրությունը. «Մաքսատուրքերի չափերը փոքր չեն, և ներդրումային ծրագրի շահութաբերության վրա դրանց լինել-չլինելը շոշափելի ազդեցություն կարող է ունենալ»։
Գնել Սանոսյանը նշել է, թե այս որոշմամբ պարկի թարմացում կլինի։ Ըստ նրա` միայն Կոտայքի մարզն է, որտեղ մեթոդն արդեն ներդրված է ու ամբողջական փաթեթով աշխատում է։ Ներդրողը պայմանագրով պարտավորվել էր 150 միկրոավտոբուս ներմուծել, հիմա 222–ն արդեն աշխատում են, ևս 32-ը ներմուծվում է դեռ։
Արմավիրի մարզն էլ երկու մասի է բաժանվել, Վաղարշապատի հատվածը հաջողությամբ ընթացքի մեջ է` պարտավորվել էին 56-ը ներմուծել, դրանք արդեն տեղում են, ևս 22-ն էլ ներմուծում են։