Հասարակություն

ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման մանրամասները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։

ԱԶԲ փաստահավաք առաքելության նպատակն է քննարկել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցերի մանրամասները և նախապատրաստել ստորագրվելիք վարկային համաձայնագրի տեքստը։ Նշենք‚ որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարանի հյուսիսային ենթահատվածի կառուցումը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես‚ շեշտվել է‚ որ Հյուսիս-հարավը կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր է։

Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում բանկի‚ կառավարության‚ իրականացնող մարմնի համագործակցության մեխանիզմները‚ ծրագիրն իրականացնող կազմակերպության կարողությունների զարգացման հարցը։