Հասարակություն

Ո՞րն է կենսաթոշակային ֆոնդերում քաղաքացիների եկամուտների նվազման պատճառը

Radar Armenia-ի խմբագրություն դիմած քաղաքացիները անհանգստացած են, որ կենսաթոշակային եկամուտների վերաբերյալ ստացած հաշվետվություններից պարզել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդում իրենց եկամուտները, փոխանակ ավելանան, նվազել են․ այսպես ասած՝ «մինուս» են գնացել։ Պարզաբանում ստանալու համար զրուցեցինք տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։

Արտարժույթի խնդիրը

Տնտեսագետի խոսքով՝ տրամաբանությունը հետևյալն է․ այն գումարը, որը ուղղվում է կենսաթոշակային հիմնադրամին, դրա մի մասը դրամային ակտիվների մեջ է ներդրվում։ Դրանով պարտատոմսեր են ձեռք բերվում, մյուս մասով էլ ձեռք են բերվում արտարժութային պարտատոմսեր․

«Եթե ունենք իրավիճակ, որ դրամը արժևորվում է, նշանակում է՝ դրամով արտահայտված արտարժութային ակտիվների գինը ընկնում է։ Օրինակ, եթե երկու տարի առաջ ունենայինք 10 հազար դոլար, դրամով արտահայտված դա կլիներ մոտ 5 միլիոն դրամ, իսկ հիմա 10 հազար դոլարը՝ դրամով արտահայտված, 4 միլիոն դրամ է։ Մեր ակտիվների վերաբերյալ կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչը ներկայացնում է դրամով տեղեկատվություն, և այնտեղ արտացոլվում է, որ դրամով արտահայտված մեր կարողությունը նվազել է», - բացատրում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ նվազումը պայմանավորված է արտարժույթի տատանմամբ։

Քթոյանը վստահեցնում է՝ քաղաքացիները անհանգստանալու պատճառ չունեն, որովհետև իրենց գումարները որևէ տեղ չեն անհետացել, պարզապես իրենց ակտիվները, որոնք դոլարով են արտահայտված կամ այլ արտարժույթով՝ դրամային արտահայտությամբ նվազել են, իսկ արտարժութային արտահայտմամբ չեն նվազել, մնացել են նույնը կամ, անգամ, աճել․ «Պարզապես, աճը տարեկան կտրվածքով այդքան մեծ չի, որ հակակշռի դրամի արժևորումը կամ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկումը»։

Պարտատոմսի և ֆոնդի ընտրությունը

Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ են քաղաքացիները դոլարով արտահայտված տեսնում իրենց գումարները, եթե կենսաթոշակային ֆոնդ դրամ է փոխանցվում․

«Երբ մենք կատարում ենք կառավարչի և պորտֆելի ընտրություն, մեզնից շատերը նույնիսկ պորտֆելի ընտրություն չի էլ կատարել։ Ի սկզբանե հաղորդագրություն էր գալիս՝ դուք ո՞ր պորտֆելն եք նախընտրում։ Եթե ավելի պարզ բացատրեմ, այդտեղ կա բարձր, միջին և ցածր ռիսկայնության պահպանողական պորտֆել։ Երբ մենք թիրախային ընտրություն ենք կատարում, օրինակ, միջին ռիսկային պորտֆելի, այդտեղ կատարում ենք գիտակցված ընտրություն, իսկ եթե չենք կատարում, մեր փոխարեն ընտրությունը կատարվում է հօգուտ պահպանողական՝ պակաս ռիսկային պորտֆելի։ Իսկ պակաս ռիսկային կարող է լինել պորտֆելը, եթե դրանում առկա են արտարժույթային ակտիվներ», -բացատրում է Արմեն Քթոյանը։

Նրա ներկայացմամբ՝ ամենաապահով ակտիվը պետական պարտատոմսն է։ Եթե անձն ասում է, որ ուզում է իր գումարները ամենահնարավոր ապահով ակտիվի մեջ ներդրվեն, ապա դրանք պետք է ներդրվեն ոչ թե Հայաստանի, այլ զարգացած՝ կայուն ֆինանսական համակարգ ունեցող երկրի պետական պարտատոմսում կամ կորպորատիվ պարտատոմսերում, որոնց միջազգային վարկանիշային կազմակերպությունները Ա դասակարգումն են տալիս, և դրանք հիմնականում արտարժույթով են․

«Նաև պետք է քաղաքացիները պատկերացնեն, որ կորստի մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ անցնեն թոշակի և տեսնեն՝ ինչ ունեն իրենց ձեռքի տակ։ Կարճաժամկետ հատվածում, այո, կարող է այնպիսի տատանում լինել, որի արդյունքում դրամով արտահայտված կարողությունը մինուսով արտահայտվի, բայց ավելի երկարաժամկետ հատվածի համար պետք է նայել, և այդ հնարավոր նվազումը՝ դրամով արտահայտված, վստահաբար կփոխհատուցվի և, այսպես ասած, պլյուսով դուրս կգան մարդիկ»։

Հիշեցնենք՝ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականի հունվարի 1-ից։

Հայկ Մագոյան