Հասարակություն

Ինչո՞ւ է ներդրվում Առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հրապարակել Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրից։

«Առողջության համապարփակ ապահովագրությունը (ԱՀԱ) առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը:

ԱՀԱ համակարգը ապահովագրվածների համար երաշխավորում է բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։

ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով՝ պետության կողմից հիմնադրված կառույցի` Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցով, որը պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է և բուժօգնության որակի բարելավումը:

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակի իրականացումը կնպաստի հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը, կյանքի միջին տևողության ավելացմանը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազմանը, մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին»: