Հասարակություն

Կշարունակվի կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023 թվականին կշարունակվի:

Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):

Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդության վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվել է 2 բուժհաստատությունում (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:

Ընդհանրացված արդյունքները`

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն.

1727 հետազոտություն,

93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,

67 քաղաքացի պետպատվերի շրջանակում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա».

368 հետազոտություն,

4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,

2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:

Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը: