Հասարակություն

Ներկայացվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Տիկին Ավանեսյանը տեղեկացրեց, որ սա առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է, որի մասին խոսվել է տասնյակ տարիներ. «Նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, սակայն գործնական քայլերը հետաձգվել են՝ ավելի լավ ժամանակների ակնկալիքով։ Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է իրականացվեն՝ անկախ իրավիճակներից ու մարտահրավերներից, մենք մի կողմից արել ենք հնարավորինը՝ դիմակայելու համավարակով և պատերազմով պայմանավորված ահռելի մարտահրավերներին, մյուս կողմից՝ մոտ երկու տարի աշխատել ենք՝ մշակելու հնարավորինս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդել»։

Ըստ Ավանեսյանի՝ առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում. «Եվ այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից, և միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»։

Նրա խոսքով՝ նախատեսված է աշխատանքներն սկսել այս տարվանից, որը կլինի նախապատրաստական փուլը. «Առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, որոնք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտների որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք, և կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման ծախսերը»։