Հասարակություն

Աշտարակի ԲԿ-ն համալրվել է նոր սերնդի ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով

Պետական ծրագրով հիմնանորոգվող Աշտարակի բժշկական կենտրոնը բարձրացնում է բուժսպասարկման որակը։
 
Կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնն օրերս համալրվել է նոր սերնդի թվային բազմաֆունկցիոնալ ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչի առիթով ԲԿ էին ժամանել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Մարզպետը շնորհավորել է Աշտարակի ԲԿ անձնակազմին՝ իր ուրախությունն արտահայտելով այն կապակցությամբ, որ մարզի բնակիչների համար ընդլայնվում են բարձրորակ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։

Սերգեյ Մովսիսյանը ԲԿ տնօրենի հետ շրջայցի ընթացքում ծանոթացել է աշխատասենյակներին, որտեղ ժամանակավորապես, վերանորոգմամբ պայմանավորված, իրականացվում է ամբուլատոր ծառայությունը։
 
Հիշեցնենք՝ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Աշտարակի ԲԿ-ի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին, պետության կողմից ֆինանսավորումն ավելի քան 1 մլրդ դրամ է։