Հասարակություն

Սամսոն Ղազարյանի հիշատակի օրը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (լուսանկարներ)

Հունվարի 28-ին լրացավ հայ քաղաքական գործիչ, պատմաբան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի ծննդյան 70-րդ տարեդարձը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նշվեց նրա հիշատակի օրը։

Խորհրդանշական էր այն փաստը, որ 88-ի Շարժման սկզբնավորման շրջանում Սամսոն Ղազարյանը մեծ ավանդ է ունեցել թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես կրթահամալիրի հիմնադիրներից մեկը:

Միջոցառման մասին Radar Armenia-ն զրուցել է Սոսէ Ղազարյանի՝ Սամսոն Ղազարյանի դստեր հետ:

Սոսէն պատմեց, որ միջոցառմանը մասնակցում էին դպրոցի մեծ թվով սաներ և ուսուցիչներ։ Չնայած ներկաների մեծամասնությունը երբեք չէր հանդիպել Սամսոն Ղազարյանին, բայց բոլորը քաջատեղյակ էին, որ նա դասավանդել է իրենց դպրոցում երեսուն տարի առաջ։

«Միջոցառման մեր հիմնական ուղեցույցը Radar Armenia-ի պատրաստած ֆիլմն էր հայրիկի մասին։ Ֆիլմի բանախոսները ներկա էին և միջոցառման ընթացքում նույնպես հետաքրքիր դրվագներ հիշեցին, նաև ֆիլմի որոշ հատվածներ էլ ավելի մանրամասն ներկայացրին: Անկեղծ, անմիջական խոսքն ունկնդիրներին առավել հասկանալի, գունեղ ու պատկերավոր դարձրեց հայրիկի պայքարը, բնավորության գծերը, անցած ճանապարհը»,- ասաց Սոսէն: