Հասարակություն

«ՀՀ-ն 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ դե յուրե պարտավորություն չունի». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության քայլերին։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2018թ. վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը. «Առաջին հարցերից մեկը, որ դրել եմ, եղել է հետևյալը՝ ներկայացնեն այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն աղետի հետևանքների վերացման առումով ունի պարտավորություն։ Պետք է արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ իր պարտավորությունը կատարել է, բացի 28 քաղաքացուց, որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հետ կապված հարցերը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված պրոցեսների շրջանակներում։ Այսինքն, դե յուրե ՀՀ-ն 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»։

Փաշինյանը նշեց, որ տնակային ավանները Գյումրիի զարգացման խոչընդոտներից են. «Հարց է՝ եթե մեր բոլոր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարել ենք, ինչո՞ւ են այնտեղ դեռ շարունակում գոյություն ունենալ տնակներ։ Ես խնդիր դրեցի, որ ազատվենք տնակներից։ Բայց հընթացս ստացանք դիմումներ, նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, պետությունը պարտավորությունը չի կատարել։ Եվ այդ նամակներին արձագանքելով տվեցի հանձնարարական՝ պարզել քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները»։

Ըստ վարչապետի՝ պետք է պարզվի, թե ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն. «Եթե կան այդպիսի մարդիկ, իհարկե, մենք երաշխավորում ենք, որ այդ մարդկանց նկատմամբ պետության պարտավորությունը պետք է կատարվի։ Իսկ եթե կան մարդիկ, որ գյուղում տունը թողել են, հեռանկարային են համարել տնակում տեղավորվելն ու ապրելը, պետությունը չի կարող, առանց շատ կոնկրետ քայլերի, երկրի զարգացումն ապահովել»։