Հասարակություն

Ահազանգում են Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի վատթարացման մասին

Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներն ահազանգում են ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս հարցով արդեն դիմել են արդարադատության նախարարություն և գլխավոր դատախազություն՝ օրինական ընթացք տալու համար։ 

Փաստաբանի խոսքով՝ այս պահի դրությամբ արդարադատության նախարարությունից առարկայական պատասխան չեն ստացել, միայն հայտնել են, որ Ավետիսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, զարկերակային ճնշումը նորմալ է, ջերմություն չունի։

Արայիկ Պապիկյանն ասաց, որ իր պաշտպանյալն ունի հիվանդություն, որը հստակ ախտորոշում չունի, իսկ ախտորոշում Հայաստանում չեն կարող տալ, ինչպես նաև չեն կարող բուժման պլան կազմել. «Հնարավոր է, որ նրա մոտ ճգնաժամ առաջանա, որը նախկինում մի քանի անգամ կրկնվել է»։

Փաստաբանն ակնկալում է, որ եթե ազատ չեն արձակում Ավետիսյանին, գոնե անհրաժեշտ բժշկական հսկողություն լինի, որը կհամապատասխանի նրա առողջական վիճակին՝ մինչև կլինի դատական եզրակացություն, որը պետք է անի արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ արդարադատության նախարարության հետ, որտեղից ասացին, որ այս առնչությամբ հաղորդագրություն կտարածեն։

Հայկ Մագոյան