Հասարակություն

Տղամարդն ապամոնտաժել ու վաճառել էր կոյուղու խողովակները (տեսանյութ)

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացվել էր գրություն, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության ժամանակ նկատել էին, որ Աշտարակից դեպի Օշական ձգվող կոյուղու կոլեկտորից ապամոնտաժել և գողացել են պողպատե խողովակներ: Հոկտեմբերի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, գրությունը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին:


Աշտարակի համայնքային ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելով, պարզում են, որ գողությունը կատարել է Աշտարակի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ:

Հոկտեմբերի 12-ին նա ձերբակալվում, տեղափոխվում է բաժին, որտեղ հայտնում է, որ գողությունն արել է ինքը:


Ըստ նախնական տվյալի` գողոնն արդեն վաճառված է: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: