Հասարակություն

«Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան»․ ԳՇ պետի տեղակալ

Սեպտեմբերի 28-ին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ, ինչի հետևանքով 3 զոհ ունեցանք։ Այս մասին հայտնել է ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։ 

«Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիներին հաջողվել է մտնել այն դիրքեր, որտեղ մինչև վերջ կանգած են եղել հայ զինվորները և զոհվել։ Ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, բուժաշխատող կանանց մարմիններ խոշտանգել։ Վերին Շորժայի բլրակում  հայ զինվորների մարմիններ կան, սակայն ադրբեջանցիները չեն թողնում մարմինները դուրս բերել»,- նշել է նա։ 

ԳՇ պետի տեղակալը նշել է նաև, որ Ադրբեջանը Վարդենիսի ուղղությամբ գրավել է մի քանի մարտական դիրք, տարածքային ամենամեծ կորուստը, սակայն, Ջերմուկում է։ 

«Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Եթե այդ դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ապա կարևոր են ռազմավարական տեսանկյունից։ Դրանք անմիջապես կախված են մեր բնակավայրերի վրա, այդտեղից կարողանում են որոշակիորեն հսկողություն սահմանել ճանապարհների վրա, հոգեպես ճնշում են մոտակա գյուղերին իրենց ներկայությամբ»,- նշել է նա։

Մարտիկյանի խոսքով՝ նոր հարձակման վախ չկա, սակայն հայկական ԶՈւ-ն միշտ սպասում է նոր սադրանքների, քանի որ Ադրբեջանը փորձելու է խնդիրը լուծել հօգուտ իրեն։