Մամուլ

ՀՀ քննչական կոմիտեն մեկ ամիս առաջ է ստացել անցած տարի «Սուրմալու»-ում բռնկված հրդեհի փորձագիտական եզրակացությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը մեկ ամիս առաջ է միայն ստացել ՀՀ քննչական կոմիտեն:

Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները: Իսկ ի՞նչ է եղել քննության ընթացքում։ Առևտրի կենտրոնի աշխատակիցների պատմելով՝ իրենցից շատերին հրավիրել են հարցաքննության, և իրենք ղեկավարության դեմ որևէ բան չեն խոսել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, առավելապես՝ իրենց բիզնեսը վտանգի տակ չդնելու համար:

Ասել է թե՝ աշխատակիցները վախեցել են դուրս գալ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Զախարյան նախկին պատգամավորի դեմ: Մեզ հասած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հրդեհից տուժած մի քանի տնտեսվարողներ են միայն պահանջատեր եղել իրենց իրավունքների հարցում: Նրանք քննիչին ասել են, որ ոչ մեկի դեմ ոչինչ չունեն, այլ իրենց կրած վնասի օրինական պահանջատերն են և լինելու են մինչև վերջ: Նրանց մեծ մասը մինչ օրս որևէ տեսակի փոխհատուցում չի ստացել:

Ավելին՝ մեզ հասած հասած լուրերի համաձայն՝ մի քանի տնտեսվարողներ անցած տարի լքել են «Սուրմալու» առևտրի կենտրոնը՝ հենց իրենց անվտանգությունը չպահպանելու հիմնավորմամբ: Նույնիսկ դրանից հետո Զախարյանները հետևություններ չեն արել, անվտանգության որևէ նորմ չեն պահպանել, էլեկտրական մի լարից մի քանի տասնյակ խանութներ են սնուցել, ծանրաբեռնել լարերը, ծառայության որևէ տեսակի բարելավում չեն արել, անգամ քաղաքակիրթ զուգարաններ չեն սարքել խանութներում աշխատող ձեռներեցների համար:

Ինչևէ, օգոստոսի 14-ի պայթյունից և հաջորդած հրդեհից մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն նոր է կարողացել ստանալ նախորդ տարի տեղի ունեցած հրդեհի բռնկման եզրակացությունը: Փորձաքննությունների ՊՈԱԿ-ը ևս անհասկանալի դանդաղկոտություն է դրսևորել և շարժվել Զախարյանների շահը սպասարկելու ուղղությամբ և միայն օրերս գրանցված հրդեհից առաջ է տվել եզրակացությունը՝ հիմնավորմամբ, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանլ անվտանգության կաննոները: Արդեն պոտենցիալ պատժվողների ցանկն էլ է հայտնի:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Տիգրան Մուրադյանի վարույթում գտնվող գործով առաջիկայում առևտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն, ասել է թե՝ առևտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն կլինեն այս պատմության քավության նոխազները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե իր ստացած տեղեկությունները պարզելու նպատակով:

Ի պատասխան՝ մեզ հայտնեցին. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարի բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ առևտրի կենտրոնում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության մի շարք նորմեր: Նախաքննությունը շարունակվում է»:

Ի՞նչ է ստացվում. 1 տարի 3,5 ամիս է անցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն, որ ղեկավար է փոխել, դեռ քննում է ու քննում հրդեհի գործը: Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք»։