Հասարակություն

«Չբեր-Բեր». տուժած քաղաքացիները կդիմեն դատարան՝ առաքանիները տեղ չհասնելու պատճառով

Էլեկտրոնային առևտրի տարածման հետ միասին ստեղծվում են նաև առաքանիները արտերկրից Հայաստան բերող կազմակերպություններ։ Վերջինների մատուցած ծառայությունները, սակայն, միշտ չի, որ համապատասխանում են գովազդին և հաճախորդների ակնկալիքներին։

Radar Armenia-ն տեղեկացրել էր, որ Globbing Armenia ընկերությունը գովազդում է ծառայություն, որը, սակայն, չէր համապատասխանում խոստմանը. խոսքը առաքանիները չորս օրում հասցնելու մասին է։ Անգամ ՄՊՀ-ն այս փաստով վարույթ էր սկսել։

Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին մի խումբ քաղաքացիներ՝ պնդելով, որ նման ծառայություն իրականացնող մեկ այլ կազմակերպություն՝ «Բեր-Բեր»-ը պարզապես խաբում են քաղաքացիներին՝ չառաքելով պատվերները։

Radar Armenia-ի հետ զրույցում «Բեր-Բեր»-ից տուժած քաղաքացի Գևորգ Հարությունյանն ասաց, որ մի խումբ քաղաքացիներ սոցիալական ցանցերից մեկում ստեղծել են «Չբեր-Բեր» խումբ և այդ դրանով պատրաստվում են ինչպես մամուլին ներկայացնել իրենց խնդիրները, այնպես էլ՝ իրավապահ մարմիններին։

Բանն այն է, որ «Բեր-Բեր» բեռնափոխադրող ընկերության բազմաթիվ հաճախորդների փաթեթներն արդեն մեկ ամիս է՝ պատշաճորեն չեն առաքվում։ Ընկերության կողմից սահմանված է առավելագույնը 10 աշխատանքային օր՝ փաթեթներն օդային տարբերակով ՀՀ հասցնելու համար։ Մի շարք հաճախորդների կարծիքով՝ հնարավոր է՝ ընկերությունը կորցրել է փաթեթները և դժվար էլ արդեն առաքի։ «Բեր-բեր»-ը ՀՀ օդային առաքման համար սահմանում է առավելագույնը 10 աշխատանքային օր, բայց տուժած երկու տասնյակ անձինք 1 ամիս է՝ չունեն ոչ մի հստակ ամսաթիվ, թե բեռները երբ մուտք կգործեն ՀՀ։ 

Մեր զրուցակիցը պատմեց, որ իր պատվերը առողջության համար խիստ կարևոր գնում է եղել, սակայն «Բեր-բեր»-ն այդպես էլ այն տեղ չի հասցնում՝ անհարմարություն և վնաս հասցնելով իր առողջությանը. «Մեր խմբում արդեն կա իրավաբան, նա կհավաքի փաստերը և դատարան կդիմի։ Մեր խմբում կա մարդ, ով մեծ պատվերներ է կատարել և մեծ գումարներ կորցրել։ Նա արդեն դիմել է ոստիկանություն։ Դեռ քննարկում ենք և նոր տուժողների հետ ենք փորձում ծանոթանալ։ Ես, որպես փոխհատուցում, այդ ապրանքի համարժեքն եմ ուզում՝ հենց հիմա, կամ՝ գնի չափով փոխհատուցում»,- ասաց մեր զրուցակիցը։

Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել նաև «Բեր-բեր» ընկերության հետ՝ վերջինիս կարծիքն ու մեկնաբանությունը ստանալու ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։