Հասարակություն

Բավրայում մարդիկ երկրաշարժերից վախեցած են. տների պատերը ճաքել են

Բավրայի մոտակայքում այսօր երեք երկրաշարժ է գրանցվել։

Առաջին երկրաշարժը եղել է առավոտյան ժամը 07:36-ին՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Դրան հաջորդել է երկրորդը՝ ժամը 09:10-ին, Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով, էպիկենտրոնային գոտում՝ 5 բալ: Հաջորդիվ ևս 3 հետցնցում է զգացվել։ Երրորդ երկրաշարժը՝ ժամը 10։14-ին, եղել է ավելի թույլ՝ 3-4 բալ:

Radar Armenia-ի հետ զրույցում Բավրայի վարչական պատասխանատու Պավլիկ Սումբուլյանն ասաց, որ գյուղում առաջին երկրաշարժը բավականին ուժգին է զգացվել, ինչը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում. «Գյուղում խուճապ է, ժողովուրդը վախեցած է, արդեն մեկ ամիս է՝ միշտ երկրաշարժ է, արդեն ոնց որ սովորական բան դարձած լինի, բայց այսօրվա առաջին երկրաշարժը շատ ուժեղ էր»։

Սումբուլյանն ասաց, որ փլուզումներ չկան, բայց տների պատերին ճաքեր են առաջացել։ Մարդիկ տներից դուրս էին եկել, մի քանի ժամ հետո նոր վերադարձել են իրենց բնակարանները։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ, համեմատ նախորդ տարիների կամ ամիսների, վերջին ամսվա ընթացքում երկրաշարժերն այս տարածքում հաճախակիացել են։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Բավրա գյուղը գտնվում է Գյումրի-Ախալքալաք ավտոմայրուղու վրա, Հայաստանից դեպի Ջավախք տանող հայաստանյան վերջին բնակավայրն է: