Հասարակություն

Ոչ միայն գներն են բարձրանում, այլև՝ ապրանքի քաշը նվազում

Հայաստանում այս օրերի թանկացումներին զուգահեռ որոշ ապրանքների դեպքում կարելի է ականատես լինել դրանց քաշի նվազման։ Նման երևույթը տնտեսագիտության մեջ անվանում են shrinkflation՝ թաքնված գնաճ, երբ տեղի է ունենում ապրանքի չափի, քանակի փոքրացում կամ որակի նվազեցում, մինչդեռ դրանց գները մնում են անփոփոխ կամ, նույնիսկ, աճում են։

Radar Armenia-ի հետ զրույցում Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ նման երևույթ Հայաստանում եղել է տարիներ շարունակ: Նա նշեց՝ նման խնդիրների կարգավորման պատասխանատուն ՊԵԿ-ն է և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը. «Տարիներ շարունակ ասում ենք, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ այդպես են վարվում՝ հացի քաշն է պակաս կամ խոնավությունն է ավել, սուրճի կոֆեինն է պակաս, բենզինի մեջ՝ օկտանի թիվը, և այլն։ Պետական եկամուտների կոմիտեին տարիներ շարունակ ասել եմ (ՊԵԿ ներկայիս նախագահի հետ չեմ խոսել)՝ այդ հարցը պետք է պարզել։ Օրինակ, հացի քաշի կամ խոնավության պատասխանը տալիս է լաբորատորիան։ Եթե մարդն ուզում է հացի քաշն ստուգել, այդպիսի կշեռք խանութներում չկա, որ 4-7 գրամի տարբերությունը բացահայտի, նման կշեռք կա միայն լաբորատորիայում: ՊԵԿ-ից, որպես կանոն, ասել են՝ «մենք լաբորատորիա չունենք», և դրանով ավարտել են։ Պետք չէ, որ ՊԵԿ-ը ունենա լաբորատորիա։ Հացի նմուշները կարող են ուղարկվել լաբորատորիա, և հաջորդ օրը ստանալ պատասխանը»։

Տնտեսվարողների նկատմամբ տուգանքները հիմնականում չեն գերազանցում նրանց ունեցած շահույթը։ Ըստ Պողոսյանի՝ առաջին անգամ տուգանքը սովորաբար լինում է այնպիսի գումար, որը հնարավոր է հեշտությամբ վճարել. «ՊԵԿ-ը իրավունք ունի դադարեցնել առևտուրը, իսկ դա խիստ պատիժ է, որովհետև եթե խանութը կամ արտադրամասը 2-5 օրով փակվի, կարող է սնանկանալ»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ բավական է ուսումնասիրել Վիճակագրական ծառայության տվյալները՝ համոզվելու, որ սպառողական ապրանքախմբերում կա երկնիշ գնաճ. «Նմանատիպ դեպքերի մասին տեղյակ ենք։ Շատ ապրանքներ կան, որ, թվում է, գինը հարաբերականորեն քիչ է փոխվել, բայց պարզվում է, օրինակ, 13-14%-ով թանկացել է։ Դիմացինի համար տարօրինակ է դա, որովհետև, օրինակ, թթվասերը գնել է 500 դրամով, հիմա էլ է գնում 500 դրամով, հետո, երբ ասում ես՝ թանկացել է, զարմանում է, բայց տուփի վրա նշված է, որ 500 գրամանոց թթվասերը դարձել է 450գ»։ 

Ըստ տնտեսագետի՝ շուկայում մակնշման խնդիր կա. «Շատ հայրենակիցներ պարզապես չգիտեն, թե ինչ քաշի հաց են գնում։ Քաղաքացին մտնում է խանութ, ասում է՝ «200 դրամանոց հաց տվեք», այլ ոչ՝ գրամանոց, որովհետև քաշը նշված չէ»։

Պիպոյանը, անդրադառնալով այս ամենի վերահսկողությանը, նշեց՝ պետությունը պետք է հասկանա, որ սպառողի հիմնարար իրավունքներից մեկը նվազագույն կարիքների բավարարումն է. «Երբ գնաճի ֆոնին եկամուտների աճ չկա, նվազագույն կարիքների բավարարման մասով ունենում ենք խնդիր։ Եթե պետությունը չի կարողանում գնաճը զսպել, պետք է գոնե համապատասխան ծրագրեր իրականացնի՝ այդ մինիմալ խնդիրը լուծելու համար, իսկ ինչ վերաբերում է թաքցված գնաճը բացահայտելուն, պետք է վերահսկողություն իրականացվի, որ մակնշումները լինեն ճիշտ»։

Ապրանքի գնի և քաշի հարցում խաբեության դեպքերի տուգանքների մասով Պիպոյանը տեսակետ հայտնեց. «Եթե տնտեսվարողը հասկանա, որ պայմանական 1 միլիոն ավել գումար ստանալու դիմաց հետագայում ունենալու է 5 միլիոնի տուգանք, չի անի նման բան»։ 

Անուշ Մկրտչյան