Հասարակություն

Սոս Ջանիբեկյանը պատմել է իր հետ կատարված միջադեպի մանրամասները

Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում ցուցարարները, տեսնելով դերասան Սոս Ջանիբեկյանին, փորձել են փակել ճանապարհն ու «թուրք», «դավաճան» և նման այլ վիրավորական արտահայտություններ հնչեցրել։

Radar Armenia-ի հետ զրույցում Ջանիբեկյանն այդ միջադեպից որոշ մանրամասներ ներկայացրեց. «Գնում էի՝ երեխայիս մանկապարտեզից վերցնելու։ Տեսա, որ իրենք գալիս են, մտածեցի՝ «ի՞նչ անեմ, ճանապարհս փոխե՞մ», հասկացա, որ Երևանում չկա ճանապարհ, որտեղ, ինչ-որ մարդկանց տեսնելով, ճանապարհս կփոխեմ, և քայլեցի իրենց ուղղությամբ՝ ենթադրելով, որ, հնարավոր է, նման բան տեղի ունենա։ Քայլեցի, իրենցից մեկը եկավ, երևի սրտացավ, ասաց՝ «եղբայր, ուրիշ ճանապարհով գնա, կամ՝ վազելով», ասացի՝ «իմ քաղաքում, իմ հոր քաղաքում, իմ պապի քաղաքում չկա ճանապարհ, որտեղով ես պիտի վազելով անցնեմ կամ ճանապարհս փոխեմ» ու ընկա առաջ։

Մի քիչ էլ քայլեցի, իրենք ինձ նկատեցին։ Կանայք, երեխաներ կային, աղջիկներ կային. ինչ-որ կանայք գոռացին «թուրք, թուրք», հետո իրենց միացան տղաներ, ինչ-որ մեկը հայհոյեց, ես շրջվեցի, ասացի՝ ով էր, խմբով մարդիկ եկան, երևի՝ ծեծկռտուքի նպատակով։ Իրենց միջից մի 10 հոգի դուրս եկան, ասացին՝ «հորս արև՝ էս տղուն չկպնեք, ինքը լավ տղա ա», ես մի քիչ կանգնեցի, հասկացա, որ, բառիս բուն իմաստով, 500-1000 քեզ հետ խոսող մարդկանցից ֆիզիկապես ոչ մեկին ոչ կհասցնես պատասխանել, ոչ՝ իրենց ասածի համար պատասխան ուզել, ոչ էլ՝ հակառակ ինչ-որ բան ասել, որովհետև ուղղակի ֆիզիկապես չես հասցնի հասկանալ՝ ով ինչ է ասում։ Ճանապարհս շարունակեցի»։

Անդրադառնալով լուրերին, թե շշեր են նետել իր ուղղությամբ, դերասանն ասաց, որ ինքը չի տեսել. «Ճիշտն ասած՝ այդ պահին ոչ ինձ շշեր են կպել, ոչ՝ զգացել եմ, ոչ էլ՝ տեսել, որ շշեր են նետել»։

Ջանիբեկյանի խոսքով՝ տարածքում ոստիկաններ կային, բայց նրանք չխառնվեցին. «Այնպիսի միջադեպ տեղի չի ունեցել, որ քրեական գործ լինի, իմ մազին ոչ մեկը չի կպել, ոչ մեկն ինձ չի հրել, ֆիզիկական վնաս չի պատճառել։ Հնչել են «դավաճան» և «թուրք» բառերը, որոնք, իհարկե, չափազանց վիրավորական են ինձ համար, բայց իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Ինչ-որ մարդիկ կան, որ ինձ չեն սիրում՝ վստահ եմ իմ հայացքների համար։ Նաև՝ ինչ-որ մարդիկ կան, որ համախոհ են ինձ հետ։ Կարծում եմ՝ այլակարծության դեպքում նման վերաբերմունք չպիտի լինի իմ հայ եղբայրների կողմից, հայը հային չպետք է ասի թուրք»։

Դերասանը նշեց, որ ինքն այդ ցուցարարների դեմ ոչինչ չունի, ամեն ինչ նորմալ է, և հիշեցրեց իր ծագման մասին. «Պապս եղել է Իզմիրից՝ Գուրգեն Ջանիբեկյանը, հայրս ծնվել է Երևանում, մաքուր հայ եմ, դավաճանություն կյանքում չեմ գործել ոչ մեկի հանդեպ, այսինքն, դրանք ինչ-որ խոսքեր են, որոնք չունեն պատասխան, հիմք, զուտ ամբոխային ազդեցության ցանկություն է՝ հեղինակազրկել մեկին, ով կանգնած է եղել հեղափոխության կողքին»։

Սոս Ջանիբեկյանը նաև հիշեց, որ մինչև այս ցույցերը եղել են, որ փողոցում իր հասցեին վիրավորական արտահայտություններ լսի, բայց որ մոտավորապես 2000 հոգի միանգամից իր հետ խոսեն և ճանապարհը փակեն, նման դեպք չի պատահել. «Չգիտեմ՝ «ճիշտը» ինչքանով է փոխվել, բայց իմ կյանքում, փողոցային իմ դաստիարակության մեջ, նույնիսկ վեճերի ընթացքում, երբ 4,5,6 հոգի իրար հետ խոսել են, դա այդքան էլ հարգալից վերաբերմունք չէր»։

Ոսկեհատ Պողոսյան