Հասարակություն

Հանրային վայրեր QR կոդով մուտքի պահանջը հանելու հարցը քննարկվում է

Կորոնավիրուսային հիվանդության ի հայտ գալուց հետո Հայաստանում այսօր առաջին անգամ հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել, իրականացվել է 1745 թեստավորում։

Ինչպես ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հենց այս օրվա համար է երկու տարի երկու ամիս գիշերուզօր պայքարել առողջապահական համակարգը:

Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) համաճարակաբանության վարչության պետ և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելա Աբովյանը նշեց, որ վերջին շրջանում՝ շուրջ մեկ ամիս և ավել, ՀՀ-ում քովիդով պայմանավորվա իրավիճակը կայուն է. «Հիմնականում բուժհիմնարկներ դիմելիություն չկա, քանի որ անգամ մարդիկ, որոնք վարակվում են և ունեն ախտանշաններ, հիվանդությունը տանում են շատ թեթև կամ առանց ախտանշանների: Ունենք դեպքեր, երբ տան անդամը հիվանդ է, բնականաբար, նույն ախտանշաններով մյուս անձիք չեն էլ թեստավորվում, ինչը խոսում է պատվաստումային գործընթացի արդյունավետ միջոցառումների մասին: Այսինքն, պատվաստումները, ամեն դեպքում, արեցին իրենց գործը, և մարդիկ արդեն ունեն վիրուսի նկատմամբ որոշակի դիմադրողականություն»:

Ռոմելա Աբովյանն ընդգծեց, որ ըստ Եվրամիության չափանիշների՝ այս պահի դրությամբ Հայաստանը կանաչ գոտում է, և հույս հայտնեց, որ կարող ենք պահպանել այս իրավիճակը:

Գործող սահմանափակումները հանելու մասին խոսելիս Ռոմելա Աբովյանը հիշեցրեց՝ գրեթե բոլորը հանվել են, անգամ՝ երկրի մուտքի պահանջները՝ ՊՇՌ հետազոտության և պատվաստման սերտիֆիկատի ներկայացման. «Այս պահին քննարկվում է նաև հանրային վայրեր QR կոդերով մուտքի պահանջը հանելու հարցը. մոտ ապագայում նախարարությունը հանդես կգա այդ հայտարարությամբ»:

ՀՎԿԱԿ-ի համաճարակաբանության վարչության պետի խոսքով՝ սահմանափակումների վերացումը կպահպանվի այնքան, մինչև համաճարակային իրավիճակը լինի կայուն. «Ընդհանուր առմամբ՝ ամենօրյա գրաֆիկով հետևում ենք միջազգային լրահոսին և օպերատիվ վերլուծություններ ենք իրականացնում՝ իրավիճակը պարզելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե ունենանք դեպքերի աճ, կարողանանք ժամանակին արձանագրել»:

Ոսկեհատ Պողոսյան