Հասարակություն

Մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը պատվաստվել է. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամբողջական դեղաչափերը ստացել է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը: 

Կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ նախարարը նշել է. «Այսօր ՀՀ-ում ունենք պատվաստումների հետևյալ ցուցանիշները: Պատվաստված են մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը՝ առաջին դեղաչափով և 43.7 տոկոսը՝ ամբողջական պատվաստումով»:

Ավանեսյանը նաև հիշեցրել է, որ մայիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը սկսել է իրականացվել հանրային վայրերում, շարժական պատվաստումային կետերում, այնուհետև նաև՝ արտագնա, շարժական պատվաստումներ են իրականացվում համայնքներում, ինչպես նաև տնային պատվաստումներ՝ սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում: