Հասարակություն

Երկու տարին մեկ թարմացնում ենք անվճար տրամադրվող դեղերի ցանկը. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե դեղորայքային ապահովման մասով 2021 թ. բավականին վերանայումներ են արվել. ինչպես հիմնական դեղերի ցանկում, այնպես էլ նոր շահառուներ ընդգրկելու մոտեցման մեջ:

Ըստ Ավանեսյանի՝ դեղերի ցանկն ունի օրենսդրությամբ սահմանված պահանջ, թե ինչ ժամկետներում է վերանայվում. «Երկու տարին մեկ մենք թարմացնում ենք այդ դեղերի ցանկը՝ հաշվի առնելով նոր համակցված ժամանակակից սերնդի դեղամիջոցները, և պետք է ասեմ՝ մեկ տարի առաջ վերանայման արդյունքում բավականին նոր դեղամիջոցներ են ընդգրկվել, և դրա հաշվին դիմելիությունը և այս ծրագրի կատարողականը կտրուկ փոփոխվել է: Եթե տարիներ առաջ այս ծրագրի կատարողականը բավականին ցածր էր, և ամբողջական բյուջեն չէր սպառվում, որովհետև ներառված դեղերը ոչ շատ օգտագործվելիք էին՝ ավելի հին սերնդի դեղամիջոցներ էին, ապա այս փոփոխությունների արդյունքում մենք 2021 թ.-ին ամբողջությամբ սպառել ենք բյուջեն և հավելյալ միջոցներ ենք տրամադրել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին՝ հավելյալ դեղամիջոցներ ձեռք բերելու համար»։

Անահիտ Ավանեսյանի խոսքով, քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների դեղորայքով ապահովումը օրակարգային հարց է. «Մենք ամեն տարի պետք է շարունակ մեծացնենք այս հասանելի փաթեթը, որովհետև գիտենք՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում ճիշտ ժամանակին դեղորայքի ընդունումը բերում է նաև սուր վիճակներից խուսափում, ստացիոնար մահճակալների օգտագործման նվազեցում, և այս ուղղությամբ նաև ասեմ, որ մեր համապարփակ ապահովագրության գծագրվելիք փաթեթի մեջ դեղորայքային ապահովվածությունը շատ մեծ մաս է կազմելու»։