Քաղաքական

«Ռուսները պետք է Ադրբեջանին հանձնեին Արցախը, և փուլ առ փուլ անում են». Հայրապետյան

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանային միջադեպերին։  

- Պրն Հայրապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղա-ադրբեջանական սահմանային վերջին միջադեպերը։ Ինչի՞ հետևանք է սա։

- Ըստ իս՝ սրանք միջադեպեր չեն, այլ փուլային կատարումը ռուս-թուրքական պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել մեկ տասնամյակ առաջ: Ռուսները պետք է Ադրբեջանին հանձնեին Արցախը, և դա փուլ առ փուլ անում են: Մակընթացությամբ և տեղատվությամբ մենք այսպիսի միջադեպեր շատ կտեսնենք: Այս վերջինն այնքան ցցուն է, որ խառնվեցին նույնիսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Քարագլուխ բարձունքը դնելով Ադրբեջանի տրամադրության տակ՝ ռուսներն Արցախի հիմնական ճանապարհի վերահսկողությունն Ադրբեջանին են հանձնում, որպեսզի, այն փակելով, հաջորդ քայլով Ադրբեջանը կարողանա Արցախը երկու մասի կիսել: Դրանից հետո Արցախը կուլ տալն արդեն մեկ բաժակ ջուր խմելու նման կլինի: Ե՛վ Ռուսաստանն իր պարտավորությունները կատարած կլինի, և՛ Ադրբեջանն՝ իր նպատակին հասած:

- ՌԴ ՊՆ-ն արձագանքեց միջադեպին, նշելով, որ ադրբեջանական ուժերը խախտել էին եռակողմ հայտարարության դրույթները։ Ինչո՞վ էր պայմանավորված ՌԴ-ի՝ նման հասցեական քննադատությունը։

- ՌԴ-ի՝ նման հասցեական քննադատությունը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան շատ հստակ խառնվեցին այս անգամ, ուստի Ռուսաստանը ստիպված եղավ ետքայլ կատարել: Կրկնեմ՝ մակընթացության և տեղատվության սկզբունքով են աշխատելու ռուսները, որպեսզի իրենց «ռազմավարական դաշնակցին» վաճառելուն առերույթ բնական տեսք տան: Ռուսներն արդեն 200 տարի՝ նույնն են անում մեզ հետ:

- ՌԴ ՊՆ հայտարարությանը հետևեց Ադրբեջանի արձագանքը, որտեղ նշել էին, թե այն հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և ռազմավարական փոխգործակցության հռչակագրին։ Սա ինչպե՞ս հասկանանք։

- Բնական տեսք են տալիս իրենց դավին՝ դերասանություն են անում: Արցախի հարցում ռուս-թուրքական որևէ հակասություն չկա այս պահին: Ադրբեջանը կատարող է միայն:

- Ինչի՞ կհանգեցնեն ռուս-ադրբեջանական հակասությունները։

- Սրանք դեռևս իրական հակասություններ չեն, թեև չեն բացառվում խաղի ինչ-որ պահից միմյանց «գցելու» գործողությունները: Հիմա այդ պահը չէ: Նրանք եղբայրներ են, և Ռուսաստանը պայմանավորվածությունը խախտելու ու երկրորդ ճակատ բացելու ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ ներուժ:

- Հնարավո՞ր է՝ սա հանգեցնի այն բանին, որ եռակողմ հայտարարության հնգամյա ժամկետի ավարտից հետո ադրբեջանական կողմը պահանջի ՌԴ-ից՝ հանել զորքերը, հրաժարվելով երկարաձգել։

- Եթե իր սկսած համաշխարհային այս նախապատերազմից Ռուսաստանը դուրս գա գլուխը վրան, ինչը քիչ հավանական է, ապա Թուրքիան Ադրբեջանի բերանով Ռուսաստանից կպահանջի դուրս գալ Արցախից: Իսկ եթե նույնիսկ այս ընթացքում Ռուսաստանն այնքան ողորմելի դառնա, որ այլևս չկարողանա աշխարհաքաղաքական շահեր հետապնդել Հարավային Կովկասում, ապա ավելի շուտ ռուս խաղաղապահները կհեռացվեն Արցախից: Սակայն այս երկու սցենարներից ավելի հավանական այլ սցենարներ էլ կան, քանի որ աշխարհը չի սկսվում և ավարտվում Ռուսաստանով ու Թուրքիայով. փառք Աստծո, կան նաև քաղաքակրթական այլ կենտրոններ ևս, որոնք մեր քթի տակ են (նկատի ունեմ Արևմուտքը, որի ռազմանավերը Սև ծովում են, և Իրանը, որը դեռևս բնական դաշնակից է մեզ), ու որոնց դիմաց այսօր կռիվ են տալիս պուտինյան Ռուսաստանն ու էրդողանյան Թուրքիան՝ տարածաշրջանում ժանտախտի հարուցիչները:

Ոսկեհատ Պողոսյան