Հասարակություն

«Արևմուտքը միասնական որոշում ունի՝ Պուտինին հեռացնել իշխանությունից». Հովսեփ Խուրշուդյան

Ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլի, հնարավոր հանգուցալուծման և միտումների մասին Radar Armenia-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

- Պարո՛ն Խուրշուդյան, Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ փուլում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Հանգուցալուծման միտումներ կա՞ն, թե՞ ոչ։

- Հակամարտությունը մտնում է վճռորոշ փուլ: Այսինքն՝ կողմերը վերախմբավորում են իրենց ուժերը. Ռուսաստանը՝ վերջին հարձակման, Ուկրաինան՝ պաշտպանության համար: Կարծում եմ՝ եթե բանակցությունները ձախողվեն, և պատերազմը մտնի նոր՝ վճռական փուլ, այն կտևի առավելագույնը երկու շաբաթ: Ռուսաստանը ավելի երկար ռազմական կամպանիայի պատրաստ մարդկային ռեսուրսի չի տիրապետում: Խնդիրներ կան նաև ռազմական և սննդի մատակարարումների հարցում: 

- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե բանակցությունների փորձը ձախողվի, երկու երկրների միջև պայքարը կհանգեցնի «երրորդ համաշխարհային պատերազմի». կա՞ն նման նախադրյալներ։ 

- Ոչ մեծ, բայց կան: Այն իմաստով, որ Պուտինը, զգալով իր մոտալուտ պարտությունը, կարող է ծայրահեղ քայլերի գնալ, այդ թվում՝ տակտիկական, սարսափեցման նկատառումներով միջուկային զենքի կիրառման, օրինակ, որևէ ծովային ավազանի վրա: Ընդ որում, պարտություն ասելով՝ նկատի չունեմ, որ ուկրաինական զորքերը կջախջախեն ռուսական ագրեսորին: Թեև, դա էլ չի բացառվում: Նկատի ունեմ՝ միջնաժամկետ կտրվածքով, երբ Ռուսաստանը, անգամ եթե ամբողջությամբ գրավի Ուկրաինան, հյուծվելու է՝ այն օկուպացիայի ենթարկելու համար անհրաժեշտ հսկայական ռեսուրսներ ծախսելով, ինչպես նաև՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով: Իսկ Ռուսաստանի հյուծումը իր մեջ պուտինյան ռեժիմի համար մահացու սպառնալիք է պարունակում:  

- Ուկրաինայի նախագահը նշել է, որ պետք է այնպիսի մոդել գտնել, որ Ուկրաինան չկորցնի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում՝ պատերազմի շարունակությու՞ն։  

- Դա նշանակում է, որ պատերազմը շարունակվելու է: Ոչ, նման մոդելի Պուտինը երբևէ չի համաձայնվի: Առավելագույնը՝ նա կարող է հանել իր պահանջների թվից վերջին երկուսը, սակայն ոչ երբեք՝ ետ կանգնել Ղրիմի անեքսիայից և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից: 

- ՌԴ դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է նախապատրաստվում։ Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ են այդ պատժամիջոցներն իրենց արդյունքը տալիս հակամարտության կարգավորման հարցում։

- Այդ պատժամիջոցները, եթե շարունակվեն (իսկ դրանք կշարունակվեն, քանի որ Պուտինը չի զիջելու), կործանելու են Ռուսաստանի տնտեսությունը ու, շատ հավանական է, նաև՝ պետությունը: Ամեն բան շատ հեռու է գնացել, ինչպես ասում են՝ բանը բանից անցել է, քանի որ Արևմուտքը այլևս ոչ միայն կոնսոլիդացված է, այլև միասնական որոշում ունի՝ հեռացնել Պուտինին իշխանությունից և ապառազմականացնել ու դենացիֆիկացնել Ռուսաստանը: Ու, որ ամենակարևորն է, արևմտյան երկրների լիբերալ հասարակությունները, այդ թվում՝ բիզնեսները, որոնց Ռուսաստանում ընդունված էր ներկայացնել որպես բարեկեցության դիմաց ցանկացած արժեքի զոհաբերման պատրաստ թուլամորթ զանգված, պատրաստ են շատ բարձր գին վճարել՝ ագրեսիվ և անկանխատեսելի Ռուսաստանը չեզոքացնելու համար: 

Մարիամ Սարգսյան