Հասարակություն

Հողօգտագործողները մատչելի գնով պարարտանյութ կստանան

Կառավարությունն այսօրվա նիստում գյուղատնտեսության ոլորտին առնչվող որոշումներ է ընդունել։

Կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Այն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ արձագանքում են գնաճին: Ըստ նրա, վերջին տարիներին գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում։ Առաջին պատճառը կորոնավիրուսն էր, երկրորդը՝ ուկրաինական զարգացումները. «Շատ դժվար է լավատեսական բան գտնել, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ աճում են գյուղատնտեսական արտադրանքի գները և այդ առումով հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում չկար: Մենք հասկանում ենք, որ կա մեկ այլ խնդիր: Կլիմայի փոփոխության հետևանքով մենք ամեն տարի ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում, մանավանդ, որ առկա է ջրային համակարգի մաշվածություն: Մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի խնդիրներին»։

Կառավարությունը հաստատեց նաև անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը: Նախատեսվում է բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։