Հասարակություն

Երևանում ավելացել են սպանությունները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ ամփոփվել են մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները։

Ըստ դատախազության՝ հանցագործությունների թիվը մայրաքաղաքում 2021թ.  ընթացքում աճել է 18,3%-ով կամ 2546 դեպքով։

Մայրաքաղաքում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 15-ով։ Դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից ածանցվող մտածողության և վարքագծի ազդեցությամբ:

Արթուր Դավթյանը հանձնարարել է սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ավազակության բոլոր դեպքերն ուսումնասիրել և, այն դեպքերում, երբ կպարզվի, որ դրանց նպաստել է նաև պրոֆիլակտիկ պարտադիր աշխատանքների կատարման թերացումը, համաչափորեն նախաձեռնել Ոստիկանության տվյալ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու գործընթաց: Իսկ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի: