Քաղաքական

Սահմանափակվում է ծխախոտային փոխարինիչների ցուցադրումը

Կառավարությունը հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:

Ըստ այդմ, տեխնիկական կանոնակարգով սահմանվում են նիկոտին պարունակող արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։

Ներկայացնելով կառավարության որոշման նախագիծը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը։ Սա կարևորագույն ներդրում է ՀՀ-ի մարդկային կապիտալի և, մասնավորապես, առողջության մեջ»։

Արձագանքելով որոշման նախագծին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Տրամաբանությունն այն է, որ օգնենք աջակցենք մարդկանց, որ ավելի քիչ ծխեն։ Շատ կարևոր է, որ մենք քաղաքական կամք ենք դրսևորում և այս ճանապարհով գնում ենք առաջ»։ 

Ըստ նրա, սա արվում է հանրային առողջության պահպանման նպատակով. «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք ՀՀ-ում և ավանդական ծխախոտը, և ծխախոտային փոխարինող արտադրանքները։ Սրա ամենակարևոր նպատակը հանրային առողջության պահպանումն է»։ 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում ծխելու արգելքը. «Ուզում եմ ընդգծել Կառավարության կարևոր հանձնառությունը կանխարգելիչ, կարևոր այս փոփոխությունների հետ կապված: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, մենք ունենք մահացության բավականին բարձր բեռ: Այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն, նաև մեր երիտասարդներին պաշտպանելու նման վնասակար սովորություններից»