Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանին սպառնում է ազատազրկում կամ գույքի բռնագանձում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցել է մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարք, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքներ։ 

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ 

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», - նշվում է մեղադրանքի մեջ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով դատավոր Դանիբեկյանի հարցին, թե առաջադրված մեղադրանքը հասկանալի է թե չէ, պատասխանել է՝ «ոչ»:

Քոչարյանն այս առնչությամբ նշել է. «Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ինչ չեմ արել, որ պետք է անեի, չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը ես պետք է տամ, երբ հարցաքննվեմ, չկա։ Ես պետք է գամ, ամբիոնի մոտ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում»:

Նրա խոսքով՝ դատախազության մեղադրական եզրակացության բովանդակությունը պարզ չէ. պետք է տարբերակ գտնել ու բացատրել, թե ինչի համար է մեղադրվում ինքը։