Քաղցկեղը մահացության առումով ՀՀ-ում զբաղեցնում է երկրորդ տեղ
Հասարակություն
24 Հունվարի 2022, 17:48
Քաղցկեղի դեմ բուժման շրջանակներում վիրահատական միջոցների անվճար դառնալուց հետո դիմելիության բավականին մեծ աճ է գրանցվել, ինչը ցույց է տալիս, որ այն հասանելի է դարձել քաղաքացիների համար. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, քաղցկեղը մահացության առումով Հայաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին երեք տարիներին ներդրվել են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը, այնուհետև բուժումն ավելի արդյունավետ և որակյալ կազմակերպելուն և այդ ծառայությունը ավելի հասանելի դարձնելուն: Եթե նախկինում ֆինանսական պատճառներով մարդիկ հետաձգում էին բուժման գործընթացը, ապա հիմա ունեն դրական և արդյունավետ բուժման ընթացք:
«2021 թվականին մեկնարկել է սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում մինչև օրս հետազոտել ենք 7 հազար կնոջ: Այն պիլոտային ծրագիր է և իրականացվում է երեք մարզերում՝ Սյունիքում, Տավուշում և Լոռիում: Շարունակաբար փորձելու ենք ընդգրկել նաև հաջորդ մարզերը»,- ասել է նա։
Ըստ Ավանեսյանի, 7 հազար հետազոտված կանանցից 700 հարյուրից ավելիի մոտ հայտնաբերվել են որոշակի խնդիրներ և հավելյալ հետազոտությունների արդյունքում նրանցից մոտ 80-ին որոշակի բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Նախարարը նշել է, թե պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պացիենտները հնարավորինս շուտ դիմեն բժշկի և ստանան բժշկական օգնությունը այն ժամանակահատվածում, երբ հնարավոր կլինի կանխել հետագա բարդացումները և լիարժեք վերականգնել բնականոն կյանքը:
Հետևեք մեզ Telegram-ում