Մամուլ

Մարգարայի կամուրջից նմուշառում է արվել. երբ կբացվի հայ-թուրքական սահմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է նաև Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաև, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի և Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Այդ հանդիպման ժամանակ որոշվել էր հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:

Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, չնայած հունվարի 1-ից այդ արգելքը վերացվել է, սակայն, ինչպես հայտնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, դեռ գործընթացը չի մեկնարկել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, և ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունից պատասխանել են. «ՀՀ-ի և Թուրքիայի միջև աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաև Մարգարայի կամրջի նմուշառում»:

Մենք տեղեկացանք նաև, որ առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը երբ կկայանա, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում հենց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, և հետո միայն նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի»: