Մամուլ

Ի՞նչ է պայմանավորվել Վիտալի Բալասանյանը Վոլկովի հետ․ «Հրապարակ»

Ադրբեջանցիներն Արցախ ելումուտ անող ավտոմեքենաների ուղևորներին և բեռնախցիկների պարունակությունը կկարողանան առցանց ռեժիմով դիտարկել, ասել է թե՝ միջանցքի վերահսկողությունը կիրականացնեն ռուսների հետ համատեղ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու իր թիմը երեկվանից ռուսական խաղաղապահների ղեկավարի հորդորով փորձում են փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվելու, իսկ ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրման հարցն էլ դեռևս ընդամենը քննարկման առարկա է, սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ սարքերի տեղադրման մասով արդեն իսկ համաձայնության են եկել, և առաջիկայում խաղաղապահների անցակետում նման սարքեր կտեղադրվեն։

Ադրբեջանցիներն Արցախ ելումուտ անող ավտոմեքենաների ուղևորներին և բեռնախցիկների պարունակությունը կկարողանան առցանց ռեժիմով դիտարկել, ասել է թե՝ միջանցքի վերահսկողությունը կիրականացնեն ռուսների հետ համատեղ։ Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ սահմանված է, որ միայն ռուս խաղաղապահների հսկողության տակ է լինելու ճանապարհը։ Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահների ղեկավար Վոլկովը նախօրեին երկար զրույց է ունեցել Բալասանյանի հետ, և որպեսզի հակառուսական աղմուկ չբարձրանա, որոշել են առայժմ թաքցնել այս պայմանավորվածությունների փաստը»։