Մամուլ

ՍԴ նախագահը բարձրացրել է իր պաշտոնավարման հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը և պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: «Երբ ես ընտրվում էի Սահմանադրական դատարանի նախագահ, այդ ժամանակ իմ գործընկերներին հայտնեցի, որ երկու տարի հետո բարձրացնելու եմ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման մասին հարցը: Ես կատարեցի խոստումս և այս տարվա հոկտեմբերի սկզբին ՍԴ դատավորների մոտ բարձրացրի իմ հետագա պաշտոնավարման հարցը, թե արդյոք իմ կոլեգաները կողմ են, որ ես շարունակեմ մնալ ՍԴ նախագահ, թե ոչ», – մանրամասնեց նա:

Արման Դիլանյանը նաև հայտնեց, որ իր գործընկերներից որևէ առարկություն իր հետագա պաշտոնավարման մասով չի եղել, ուստի շարունակելու է կատարել իր՝ ՍԴ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հուլիսի 5-ին էր գրել, որ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձրացնելու է իր հետագա պաշտոնավարման մասին հարցը»: