Վրաստանի գյուղատնտեսության նախարարը այսօր կժամանի Երևան՝ վրացական մաքսակետում հայկական կոնյակի և գինու ուշացումների հետ կապված իրավիճակի կարգավորման առաջարկներով: Այս մասին հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում հայկական ալկոհոլով բեռնված բեռնատարները խնդիրների են բախվում վրացական տարածքում և չեն անցնում Ռուսաստան։ Հայ արտահանողները դժգոհություն են հայտնում երկարատև ստուգումների և տարանցիկ ապրանքը փորձաքննության ուղարկելու կապակցությամբ, չնայած՝ այն նախատեսված չէ վրացական շուկայում իրացնելու համար:
Ի պատասխան լարվածության աճի՝ Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի մի քանի ակցիաներ են անցկացվել։
Նախօրեին, երկու երկրների պաշտոնատար անձանց հեռախոսազրույցներից հետո, հայ արտադրողների 52 բեռնատար բաց է թողնվել Ռուսաստան: Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վրաստանի տարածքում ներկայումս կանգնած է մնում ևս 72 բեռնատար:
Երևանի համար սահմանափակումների պատճառները մնում են անհասկանալի։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իրավիճակը «միանշանակ չէ» և հնարավոր է համարել ստեղծվող խոչընդոտների արհեստական բնույթը:
«Չէի ցանկանա մանրամասնել, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Կան դեպքեր, երբ տպավորություն է ստեղծվում, որ խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում»․ ասել էր Միրզոյանը։